Չիրականացավ Սպանդարյանի ջրամբարի օգնությունը Սևանին

18:15 Մարտ 06, 2015

aregg 

 Չիրականացան «ՈրոտանԱրփաՍևան» ջրատար թունելով Սևանա լիճ վերջին 10 տարում մոտ 2մլրդ խմով ավել ջուր տեղափոխելու խոստումները։

Վերջին 4 տարում (2011-2014թթ.) առավել ուժգնությամբ է կասեցվում Սևանա լճի մակարդակի բարձրացումը։ Դա է վկայում այն, որ այդ տարիներին լճի մակարդակը բարձրացել է ընդամենը 23սմ-ով, և դա այն դեպքում, երբ 2002-2005թթ. (նույնպես 4 տարում) այն բարձրացել էր 1,74մետրով։ Այսինքն, վերջին 4 տարիներին լիճը կորցրել է մի ամբողջ՝ 1,5մետր ջրի մակարդակ կամ 1,875մլրդ խմ ջուր։ Երկու ժամանակահատվածում լճի ավազանում մթնոլորտային տեղումները քիչ են տարբերվել միմյանցից (մոտ 14%)։

Կասեցման հիմնական գործիքներից է վերջին 4 տարում «Արփա-Սևան» ջրատար թունելով մոտ 600մլն խմ ջուր պակաս տեղափոխելը լիճ՝ առաջին 4 տարվա համեմատ։

2015թ-ի հունվարի 1-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը 11սմ-ով պակաս է եղել 5 տարի առաջ՝ 2010թ-ի ամռանը գրանցված ջրի առավելագույն մակարդակից։

Բնակչության զգալի մասն այսօր բավականին տեղյակ է տասնամյակներ շարունակ լրջորեն խաթարված վիճակում հայտնված Սևանա լճի էկոհամակարգի, դրան անմիջականորեն առնչվող լճի ջրի սուղ պաշարների վերականգնման դժվարին խնդիրների մասին, հետաքրքրվում է լճից ոռոգման նպատակով թույլատրված չափից մեծ ծավալների ջրի բացթողումների, դրանց օրինական և ապօրինի լինելու մասին, և հաճախակի ընդվզում է իշխանավորների անօրեն, կամային որոշումների դեմ: Դրան հակառակ` բնակչության ճնշող մեծամասնությունը գրեթե անտեղյակ է Սևանա լճի ավազանից հարավ, Վարդենիսի լեռնաշղթայի տակով և դրա մյուս կողմում տեղի ունեցող իրադարձություններին, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարներից Որոտան-Արփա և Արփա—Սևան թունելներով Սևանա լիճ տեղափոխվող ջրի ծավալների, դրա իրականացման պայմանների, աշխատանքային ռեժիմի և այլ ցուցանիշներն:

Սևանա լճի մակարդակի տասնամյակներ շարունակ արհեստական սրընթաց իջեցումը կասեցնելու նպատակով` 1981-ին շահագործման հանձնվեց 48,3կմ երկարությամբ Արփա-Սևան ջրատար թունելը 25խմ/վրկ (տարեկան 788մլն խմ ջուր) առավելագույն թողունակությամբ։ Ջրատարի կառուցման նախագծի համաձայն այն բաղկացած է երկու առանձին մասից` №1 և №2 թունելներ: Դրանցից առաջինով Կեչուտի ջրամբարից ջուրը տեղախոխվում է մինչև Եղեգիս գետի կիրճ, որտեղ թունելը դուրս է գալիս երկրի մակերես, որպեսզի Եղեգիս գետի ջրի մի մասը ջրընդունիչ կառույցով միանա Կեչուտի ջրամբարից տեղափոխվող ջրին և ավելի մեծ ծավալով հոսի Սևանա լիճ՝ №2 թունելով:

Սակայն թունելի շահագործման սկզբից մինչև օրս (34 տարի), Սևանա լիճ է տեղափոխվել տարեկան միջին հաշվով ընդամենը 190մլն խմ ջուր։ Ջրի նման փոքր քանակի տեղափոխումը Սևանա լիճ թերևս պայմանավորված էր Կեչուտի ջրամբարի սակավաջրությամբ, ներթունելային «մեծ» փլուզումներով։

Այնուամենայնիվ, Կեչուտի ջրամբարը մշտապես ջրով լրացնելու նպատակով 2004թ-ին շահագործման հանձնվեց նաև 21,6կմ երկարությամբ «Որոտան-Արփա» ջրատար թունելը, որով Որոտան գետի վրա կառուցված Սպանդարյանի ջրամբարից ջուր էր տեղափոխվելու Կեչուտի ջրամբար՝ 15խմ/վրկ (տարեկան 473մլն խմ ջուր) առավելագույն թողունակությամբ։

Բայց Սպանդարյանի ջրամբարից «Որոտան-Արփա» թունելով, իր շահագործման օրվանից (2004-ից) մինչև օրս, անգամ մեկ խմ ջուր չի տեղափոխվել Կեչուտի ջրամբար, ինչն իր պատասխան նամակում (14.08.2014թ., №01/06/1524-14) հաստատել է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ Ա. Անդրեասյանը։ Դեռ ավելին, վերջին տարիներին ոչ միայն չի իրականացվում Եղեգիս գետից «Արփա-Սևան» №2 թունելով ջրի ոչ փոքր քանակության տեղափոխումը, այլ կատարվում է տրամագծորեն հակառակ գործընթացը: Կեչուտի ջրամաբարից №1 թունելով տեղափոխվող ջրի առյուծի բաժինը Եղեգիս գետի կիրճ հասնելուց հետո, Սևանա լիճ հոսելու փոխարեն բաց է թողնվում Եղեգիս գետը` նրա վրա կառուցված բազմաթիվ փոքր ՀԷԿ-երի անխափան աշխատանքն ապահովելու համար ( «Գողանում են Սևանի ջուրը»):

Ունենալով այդպիսի ջրի հսկայական պաշարներ,  չօգտագործել այն  ջրի «մեծ ծարավ» Սևանա լճի համար, առնվազն ապազգային մոտեցում է, առավել ևս հանցագործություն՝ թույլատրել Սևանա լճի համար նախատեսված ջրի պաշարներն օգտագործել այլ նպատակներով՝ հատկապես մասնավոր հատվածի համար։

Եզրակացություն է, որ Սևանա լճի մակարդակի բարձրացման կասեցումը սկսվել է դեռ 2004-ին՝  Որոտան-Արփա թունելի շահագործման նախօրյակին՝ դրա անօրեն արգելակմամբ։

Ինչո՞ւ 10 տարի շարունակ ամբողջովին չեն օգտագործվում Սևանա լճի էկոհամակարգի վերակենդանացման, նրա ջրի պաշարների հնարավորինս արագ վերականգման՝ լճի համար այդքան կարևոր, նրա հետագա գոյատևման համար խիստ անհրաժեշտ այս ջրատեխնիկական եզակի կառույցների հնարավորությունները։ Անիմաստ չե՞ն դառնում արդյոք Որոտան-Արփա և Արփա-Սևան ջրատար թունելների վրա իրականացրած տասնամյակների երկար ու ձիգ տարիների աներևակայելի մեծ ծավալի, տեխնիկապես շատ բարդ ու դժվարին, ֆինանսական աստղաբաշխական ծախսեր և մարդկային բազմաթիվ զոհեր պահանջած աշխատանքները։

Այսպիսով, 2004թ.-ից Որոտան-Արփա-Սևան թունելի միջոցով Սևանա լիճ են տեղափոխել տարեկան միջին հաշվով ընդամենը 183 մլն խմ ջուր՝ այսինքն հնարավորություններից 2,2 անգամ պակաս։

Սա նշանակում է, որ վերջին 10 տարում կարելի էր Սևան տեղափոխել մոտ 2,3 մլրդ խմ-ով ավել ջուր, քան իրականում տեղափոխվել է։

Եթե հաշվի առնենք նաև 2002-ից սկսած Սևանա լճից մոտ 2մլրդ խմ ջրի «անբացատրելի» կորուստը («2002-2013 թվականներին Սևանա լճի մակարդակի բարձրացման դինամիկայի գնահատում» հոդվածը), ապա կստացվի, որ այսօրվա դրությամբ Սևանա լիճը կորցրել է ավելի քան 4մլրդ խմ ջուր կամ մոտ 3,2 մետր լճի մակարդակ։

Սերգեյ Հաջինյան. ինժեներմեխանիկ 

Լևոն Գալստյան. աշխարհագրագետ

 

Տեղեկության աղբյուրը` Էկոլուր

Հոդվածի խմբագրումը և լուսանկարը` Գայանե Առաքելյանի

       

 

Հայաստանի գյուղերում կանանց մեծ մասը վնասվում է թունաքիմիկատներից

IMG_5575 IMG_5816 IMG_5811

Հայաստանի գյուղերում կանանց մեծ մասը վնասվում է թունաքիմիկատներից: Գյուղերում տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքների, եւ կանայք են զբաղվում  գյուղատնտեսական աշխատանքներով` կիրառելով թունաքիմիկատներ: «Կան թունաքիմիկատներ, որոնք կուտակման հատկություն ունեն: Օրգանիզմից դուրս են գալիս քրտնարտադրության միջոցով, հղիության ժամանակ պոլտալարի միջոցով անցնում են պտղին, կերակրող մայրերի կաթի միջոցով…»,- «ԷկոԼուր» մամուլի ակումբում մարտի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասացին «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի փորձագետները:

«Ժամկետնանց թունաքիմիկատների վերացման և կանխարգելման կարողությունների բարելավում՝ իբրև Խորհրդային Միության երկրներում չօգտագործված վնասակար քիմիական նյութերի հետ կապված խնդիրների լուծման օրինակ» ծրագրի շրջանակներում ՀՀ Արարատի, Արմավիրի, Տավուշի եւ Գեղարքունիքի 20 համայնքներում իրականացվել են  հետազոտություններ եւ հարցումներ 567 մարդու` հատկապես կանանց շրջանում: Արդյունքում պարզվել է, որ հարցվածների 70 տոկոսը գիտակցում է թունաքիմիկատների վտանգավորության մասին, սակայն 4 մարզերը գրեթե 100 տոկոսով օգտագործում են թունաքիմիկատներ: Հարցվածների մեծ մասը գանգատվել է առողջությունից թունաքիմիկատների հետ գործ ունենալուց հետո, սակայն բուժհաստատություն չի դիմել: Մյուս կողմից, համայնքների բուժհաստատություններում պարզվել է, որ բժիշկների մեծ մասը տեղյակ չեն՝ ինչպես օգնել նման թունավորումների ժամանակ:

Կանայք նույնիսկ տեղյակ չեն, թե ինչպես կարելի է պաշտպանվել թունաքիմիկատների ազդեցությունից: Բանն այն է, որ վաճառքում առկա թունաքիմիկատների ոչ բոլոր տուփերի վրա կա հայատառ գրություն օգտագործման կարգով, շուկայում թունաքիմիկատի վաճառքի կարգ չկա, վաճառում են եւ սերտիֆիկացված խանութներում եւ ոչ սերտիֆիկացված խանութներում, նույնիսկ մթերային խանութներում` հացի կողքին:

ՀԿ-ի ուսումնասիրությունը 20 համայնքներում ցույց է տվել, որ թունաքիմիկատների պահեստները չեն վերահսկվում, եւ թունաքիմիկատները տարածվում են: Անհրաժեշտ է շտապ կարգով հավաքել դրանք վարակված հողի հետ միասին, որպեսզի այդ վտնագավոր նյութերը ճիշտ կառավարվեն:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տվյալներով Հայաստանի շուկան տարեկան օգատգործում է ամենաշատը 650 տոննա թունաքիմիկատ: Նոր կարգի համաձայն` ներմուծվող թունաքիմիկատի օգտագործման ժամկետը  պետք է լինի առնվազն 1 տարի:

Կանանց առողջության համար վտանգ են ներկայացնում որոշ կոսմետիկ միջոցներ, հատկապես սպիտակեցնող քսուկներ. դրանք իրենց մեջ սնդիկ են պարունակում: ԿՀ-ի կողմից հետազոտված 100 նմուշներից միայն 17-ում չի հայտնաբերվել սնդիկ, իսկ մնացած 83 նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է սահմանված չափաքանակը տասնյակ անգամներ:

 

Տեղեկության աղբյուրը` Էկոլուր, 15:44 Մարտ 06, 2015

Հոդվածի խմբագրումը և լուսանկարները` Գայանե Առաքելյանի

 

 

142 երկրների շարքում առողջության համար ամենավատ պայմաններում ապրում են Հայաստանի կանայք

IMG_0451

2014 թ-ի Հարվարդի, Բեռնի համալսարանների և «Համաշխարհային տնտեսական ֆորում» կազմակերպության համատեղ ուսումնասիրության համաձայն` հետազոտված 142 երկրների շարքում կանանց առողջության համար նպաստավոր պայմանների` մաքուր շրջակա միջավայրի տեսակետից Հայաստանը զբաղեցնում է ամենավերջին 142-րդ հորիզոնականը: Այս մասին մարտի 6-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց«Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի» նախագահ Կարինե Դանիելյանը:

Հետազոտության մեջ ուսումնասիրվել է նաեւ կանանց  մասնակցությունը տնտեսության մեջ, նրանց կրթական մակարդակը, քաղաքական դաշտում ներգրավվածությունը: Հետազոտության համաձայն` 142 երկրների ցանկում կրթական մակարդակով՝ Հայաստանը 31-րդն է,  տնտեսության մեջ մասնակցության առումով 82-րդը, իսկ քաղաքական դաշտում ներգրվածության և որոշումների ընդունման վրա ազդեցության առումով՝ 123-րդը:

Փաստորեն, կրթվածության և ինտելեկտի զարգացման մակարդակով Հայաստանում կանայք ապահովում են լավ ցուցանիշ, սակայն դրա հետ միասին նրանք չունեն ազդեցություն քաղաքականության մեջ և չեն կարող պաշտպանել առողջ շրջակա միջավայրում ապրելու իրենց իրավունքը և բարելավել սեփական առողջական պայմանները:

Ըստ Կարինե Դանիելյանի` պատճառներից մեկը մեր երկրում էկոլոգիական խնդիրների վերաբերյալ անլուրջ մոտեցումն է. «Մեզանում էկոլոգիային լուրջ վերաբերմունք դեռևս չկա, առողջապահության նախարարությունը միշտ խույս է տալիս շրջակա միջավայր և առողջություն կապից և դրանց հետ կապված խնդիրներից:

Հայաստանում կանանց վիճակը վատթարացնող գործոններից մեկը համարվում է արտագաղթը:

«Ցուցանիշները ցույց են տալիս, որ տղամարդկանց 70 տոկոսը էմիգրանտներ են: Դա արդեն միգրացիա չէ համարում, էմիգրացիա է, որովհետև մեծ մասը գնում մնում են, ընտանիքներ են ստեղծում կամ այստեղից են ընտանիքներին տանում: Փաստորեն խիստ դիսբալանսի մեջ է մեր պոպուլյացիան: Սա բերում է  շատ մեծ փոփոխությունների: Օրինակ, մեզ ամեն կողմից մեղադրում են, որ  սելեկտիվ աբորտների շնորհիվ մեզ մոտ ավելի շատ է հարաբերակցությունը տղաների և աղջիկների ծնունդների, և մենք ստացվում ենք մի վայրենի ազգ, որը ոչնչացնում է աղջիկ երեխաներին: Այստեղ երկու երևույթ կա:  Առաջինը՝ սելեկտիվ աբորտն է, բայց ոչ ավելին, քան մյուս երկրներում, հատկապես մեր հարևան երկրներում, մյուսը հայտնի երևույթ է, եթե պոպուլյացիայում տղամարդկանց տոկոսը քչանում է, պոպուլյացիան փորձում է վերականգնել այդ բալանսը: Ամենացայտուն ցուցանիշը երեւում է հարեմներում, որտեղ հիմնականում տղաներ են ծնվում: Մի տղամարդ է, շատ կանայք, միկրոպոպուլյացիան գտնում է, որ տղամարդ չկա, ուրեմն պետք է վերարտադրել»:

 

Տեղեկության աղբյուրը` Էկոլուր , 19:02 Մարտ 06, 2015      

Ներկայացված թվերը մտածելու, համեմատելու, ինչո՞ւ չէ` ամաչելու տեղիք են տալիս…

Հոդվածի խմբագրումը և լուսանկարը` Գայանե Առաքելյանի