Հայաստանի քաղաքները, որոնք գերազանցել են մթնոլորտային օդում փոշու եւ ծծմբային երկօքսիդի տարեկան միջին ՍԹԿ-ն

IMG_3412

Մարտ 16, 2015

2014թ-ի  Հայաստանի քաղաքներից ամեափոշոտ օդը Գյումրիին է, իսկ ծծմբի երկօքսիդով հատկապես հագեցած է Ալավերդու մթնոլորտային օդը: Այս մասին վկայում է ՀՀ բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրենի 2014թ-ի «ՀՀ շրջակա միջավայրի էկոլոգիական մոնիտորինգի արդյունքների մասին» տեղեկանքը: Փաստաթղթում ներկայացված  են Երեւան, Գյումրի, Արարատ, Ալավերդի, Հրազդան, Վանաձոր, Կապան, Քաջարան, Չարենցավան, Սևան քաղաքներում, Սյունիք (Սովխոզ) գյուղում արված օդային ավազանի մոնիտորինգի արդյունքները:

Մոնիտորինգի են ենթարկվել վերոնշյալ բնակավայրերի մթնոլորտում փոշու, ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի, գետնամերձ օզոնի, ածխածնի մոնօքսիդի պարունակութ­յունները:

Նշված համայքների մեջ տարեկան միջինը 2 անգամ փոշու ՍԹԿ-ի գերազանցմամբ առաջին տեղում է հայտնվել Գյումրի քաղաքը: Երկրորդ տեղում Արարատ քաղաքն է՝ տարեկան միջինը 1.2 անգամ փոշու ՍԹԿ-ի գերազանցմամբ: Ոսումնասիրված մյուս համայքներում փոշու ՍԹԿ-ի գերազանցում  2014-ին չի արձանագրվել:

Փոխարենը Ծծմբի երկօքսիդով աղտոտվածության տեսակետից աչքի է ընկել Ալավերդի քաղաքը: Ծծմբի երկօքսիդի միջին տարեկան կոնցենտրացիան ՍԹԿ-ն գերազանցել է 3.1 անգամ: Երկրորդը Գյումրին է: Ծծմբի երկօքսիդի միջին տարեկան կոնցենտրացիան ՍԹԿ-ն գերա­զան­­ցել է 1,5 անգամ: Երրորդ տեղում հայտնվել է Վանաձորը` ծծմբի երկօքսիդի միջին տարեկան կոնցենտրացիան ՍԹԿ-ն գերազանցելով 1.2 անգամ:

Երեւան, Հրազդան, Կապան, Քաջարան, Չարենցավան, Սևան քաղաքներում, Սյունիք (Սովխոզ) գյուղում մթնոլորտային օդում ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի տարեկան միջին պարունակությունը չի գերազանցել ՍԹԿ-ն:

Քաջարանում, որտեղ շահագործվում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը, բնակիչները բողոքում են  պղնձով եւ մոլիբդենով հագեցած փոշուց: Սակայն տեղեկանքում Քաջարանի օդում փոշու պարունակության վերաբերյալ տվյալներ չկան, մինչդեռ Երեւանի համար նշված է, որ Երեւանի օդի որոշ փորձանմուշներում ընդհանուր առմամբ որոշվել է 30 մետաղ, սակայն Երեւանում օդում փոշու կոնցենտրացիան չի գերազանցել ՍԹԿ-ն:

 

Տեղեկությունը՝ Էկոլուրի

Լուսանկարը և հոդվածի խմբագրումը՝ Գայանե Առաքելյանի 

Հայաստանը գլոբալ տաքացման առումով գերազանցում է մյուս երկրներին

IMG_1183 Երևանում ձմեռն այս տարի այսպիսին էր…

Մարտ 17, 2015

Մոլորակի ջերմաստիճանի բարձրացման վտանգավոր սահմանը միջազգային փաստաթղթերով սահմանվել է 20C: Այդ շեմը չհատելու   համար ածխաթթու գազի արտանետումների թույլատրելի հաշվեկշռի (2900 գիգատոննա) մեծ մասը՝ 65 %-ը, արդեն սպառված է:

Եթե այդ սահմանը հատվի, գլոբալ տաքացման գործընթացը կդառնա անկառավարելի:

ՄԱԿ-ի հրապարակած վերջին զեկույցի համաձայն (2014 թ., հոկտեմբեր), 1950 թվականից մինչև այսօր մոլորակի ջերմաստիճանը բարձրացել է 0.7 աստիճանով, իսկ նախարդյունաբերական շրջանից սկսած՝ 0.85 աստիճանով: Օվկիանոսի մակարդակն արդեն բարձրացել է 18 սմ-ով:

Երկրները հայտնում են պատրաստակամություն նվազեցնել իրենց ջերմոցային գազերի արտանետումները: Առաջին փաստաթուղթը ներկայացրել է Շվեյցարիան՝ 40 տոկոս արտանետումների նվազեցում մինչև 2030 թվականը: Մեկ շաբաթ առաջ Եվրամիությունն է ներկայացրել, որտեղ կողմ երկրները միասին մինչև 2030 թվականը արտանետումների քանակը պետք է նվազեցնեն 40 տոկոսով, իսկ մինչև 2050 թվականը՝ 80 տոկոսով: Երկրներ կան, որոնք հայտարարել են զրոյական արտանետումների մասին: Դրանք այն երկրներն են, որոնք իրենց էներգիայի  հիմնական մասը արտադրում են  վերականգնվող ռեսուրսների, այդ թվում նաև հիդրոռեսուրսների հաշվին և ունեն անտառների զգալի մակերեսներ:

Հայաստանը գլոբալ տաքացման առումով խոցելի տարածք է: Մեր երկրում ջերմաստիճանի բարձրացումն արդեն գերազանցում է երկրագնդի միջին ցուցանիշները և կազմում է 1.03 աստիճան ցելսիուս:

Եթե ջերմոցային գազերի արտանետումների համամոլորակային տեմպերը չզսպվեն, ապա ջերմաստիճանը Հայաստանում 2100թ. կբարձրանա մինչև 5 աստիճան, հիմնական խոցելի տարածքները կլինեն Արարատյան դաշտը, Մեղրիի տարածաշրջանը և Տավուշի շրջանը:

Ստեղծվել է Կլիմայի փոփոխության միջգերատեսչական խորհուրդ, որը համակարգում է պետական քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի  համաձայնեցումը և ընդունումը: Որոշվել է, որ Հայաստանը պետք է մինչև հունիսի վերջ ներկայացնի իր դիրքորոշումը՝ ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման ինչ ցուցանիշ է Հայաստանը պատրաստ վերցնել: Այդ փաստաթղթում նախատեսված է ներառել խոցելիության և հարմարվողականության խնդիրները: Դա վերաբերում է ջրային ռեսուրսներին, գյուղատնտեսությանը, առողջապահությանը և անտառներին:

Ըստ «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի վերջին տեղեկության՝ 2014 թվականի  միջին տարեկան ջերմաստիճանը ընդհանուր առմամբ հաշվարկվել է 1.5 աստիճանով նորմայից բարձր, իսկ տեղումների քանակը` 7 տոկոսով նորմայից ցածր: Ամենատաք տարիները գրանցվել են վերջին 20-30 տարվա ընթացքում:

2009 թվականից Հայաստանում արձանագրվել են միայն տաք ձմեռներ: 

 

Տեղեկության աղբյուրը՝ Էկոլուր

Լուսանկարը և հոդվածի խմբագրումը՝ Գայանե Առաքելյանի

Հայաստանը սեփական էներգառեսուրսներով ապահովում է իր պահանջարկի միայն 8.32 տոկոսը

031738154540

15:33 Մարտ 17, 2015

Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման խնդիրը օրակարգային է, քանի որ Հայաստանը սեփական էներգառեսուրսներով ապահովում է իր պահանջարկի միայն 8.32 տոկոսը:  Ամենամեծ բաժինը` 54,7 տոկոս, ընկնում է բնական գազին, 24,5 տոկոսն ապահովում է  Մեծամորի ատոմային էլեկտրակայանը: Նավթամթերքների բաժնեմասը կազմում է 12,5 տոկոս: 8,3 տոկոս ապահովում է հիդրոէներգետիկան, էներգիայի 0,02 տոկոսը ստացվում է քամուց եւ բիոգազից  :

Ինչպես ԷկոԼուրի հետ զրույցում նշեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, Հայաստանի էներգետիկ անվտանգության հայեցակարգում նշված են  4 առաջնահերթություններ.

1.վերականգնվող էներգետիկայի ներուժի առավելագույն օգտագործում

2. էներգախնայողությունը՝ էներգետիկ համակարգից մինչև տնային տնտեսություններ

3. էներգակիրների մատակարարման ուղիներ

4.ատոմային էներգետիկայի զարգացում, ներկա բլոկի անվտանգ շահագործում և նոր բլոկի կառուցում

Էներգախնայողության բոլոր ծրագրերը սերտ կապված են կլիմայի փոփոխության եւ ջերմոցային գազերի կրճատման գլոբալ գործընթացների հետ:

Մարտի 16-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվեց ներդրման համաձայնագիրը / E5P/, որի շնորհիվ E5P հիմնադրամի միջոցները կուղղվեն հանրային տարբեր ոլորտներում, մասնավորապես` վերականգնվող էներգետիկայի ծրագրերի,  համայնքներում ջեռուցման, էներգամատակարարման  և լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրման ծրագրերի, ինչպես նաև շրջակա միջավարի պահպանության համար կարևոր՝ կեղտաջրերի և կոշտ թափոնների կառավարման և վերամշակման ծրագրերի իրականացմանը: Այս նպատակով համագործակցության առաջին փուլում Հայաստանը կներդնի 1 միլիոն եվրո եւ կստանա մոտ 20 միլիոն եվրո դրամաշնորհ:

Տեղեկության աղբյուրը՝ Էկոլուր

Հոդվածի խմբագրումը Գայանե Առաքելյանի