Գեղարվեստի ավագ դպրոցի «Գարնանային դպրոց-2015»-ի ծրագրում ամենօրյա կետ է «Մեր միջավայրը՝ մե՛ր ձեռքերով» նախագիծը: Միջավայր՝ դպրոցի ներսում, ուր կատարվում են հսկայական աշխատանքներ՝ գունանկարի նոր, մեծ, ընդարձակ, լուսավոր արվեստանոցի, թատրոնի, կոմպոզիցիայի, մուլտիպլիկացիայի արվեստանոց-լաբորատորիաների ստեղծում… Քանդեցինք, որ ստեղծենք. «Քանդելով կառուցելն էժան, հաստատուն տարբերակ է՝ չես սխալվի, կշարունակես, հեռանկար կբացես… Սա, ինչպես քո սննդի ռացիոնի մեջ սպիտակ խնձորն ու ջուրը սովորական…». տողերը տիար Բլեյանի բլոգից են, մարտի 24-ի գրից: Ու միջավայր՝ դպրոցին հարող ողջ տարածքը…
1-ին օրը քիչ աշխատեցինք. դպրոցի ներսում աշխատեցին վարպետները, եղանակն էլ թույլ չտվեց, որ մենք դրսում շատ մնանք.
Արևի շողի հետ շտապ դուրս եկանք բակ, մաքրեցինք, հավաքեցինք էտած ծառերի ճյուղերը, տերևները, տեղափոխեցինք նախատեսված փոսի մեջ:
Գարնանային դպրոցի 2-րդ օրը «Մեր միջավայրը՝ մե՛ր ձեռքերով» նախագծով աշխատեցինք սովորող-դասավանդող մեծ թիմով ու բավականին երկար. արդյունքն ակնհայտ է ու գոհացուցիչ…
Պարտեզի ծիրանենիներից մեկը չէր ապրում. հարկավոր էր կտրել: Որոշեցինք, որ ծառն ամբողջովին չենք կտրի (Թարզյան Արան էր միտքը տվել). նոր դեր կտանք՝ ձև, գույն, էլի կապրի պարտեզում:
11-րդցիներ Հայկն ու Տիգրանը, որ պարտեզի մեր գործերում առաջատար են, ստանձնեցին այդ գործն ու ավարտին հասցրին:
Կտրած ճյուղերը կօգտագործենք «Ձոն» ստուգատեսի ծրագրով նախատեսված «Զարդեր. պատրաստենք ինքներս» նախագծի երկրորդ փուլն իրականացնելու համար: